ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայտնի հայազգի երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, որը մի քանի օր առաջ Հայաստանի քաղաքացիություն է ստացել, ինստագրամյան իր էջում մեկնաբանել է այդ մասին ԶԼՄ–ներում տարածվող լուրերը։
«Կարծես թե, լրատվամիջոցները բորբոքվել են, որ ես ՀՀ քաղաքացիություն եմ ստացել։ Ուզում եմ հստակություն մտցնել, որ տարատեսակ մեկնաբանություններ չլինեն։ Նախ` ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը վստահ եմ, մշտապես լինելու է բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ»,– գրել է Գալուստյանը։
Մնացածը շոումենը չի ցանկացել մեկնաբանել, բայց այնուամենայնիվ, շեշտել է, որ չի պատրաստվում գնալ Ռուսաստանից, ինչպես որոշ մարդիկ են արել։
«Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, աշխատանքներ, երկրպագուներ։ Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջ»,– ասել է շոումենը։
Նշենք, որ օրերս նա հայտարարել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին և ընդգծել, որ գնացել է ամենաազնիվ ճանապարհով` հանձնել է փաստաթղթերը և օրինական ճանապարհով ստացել այն։ Այժմ պատրաստվում է որևէ տեղ գրանցվել։