ԵՄ առաքելության տեղակայումը խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք է. Միրզոյան

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը նշել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը մարդկանց անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում կայունությանը նպաստելու գործիք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի – Sputnik. Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ընդգծել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում։
Միրզոյանը հայտնել է, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև 2023-2024 համատեղ գործողությունների պլան են ստորագրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4–ն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդներին, ապա 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։