Դատախազությունը ստացել է վարչապետի նախկին խորհրդականի դիմումը ծառահատումների վերաբերյալ

Ծառատունկ Երևանի Մոսկովյան փողոցում
Սրբուհի Ղազարյանի կարծիքով ՝ զանգվածային ծառահատումների մասին որոշումներն ապօրինի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացել են ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սրբուհի Ղազարյանի դիմումը` Երևանի կենտրոնում, մեծ աղմուկ բարձրացրած ծառահատումների վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Դատախազություն դիմելու որոշման մասին Սրբուհի Ղազարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սույնով տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից Երևանի կանաչ ֆոնդի մասսայական հատման գործողությունների կապակցությամբ նախորդ օրերին ներկայացրած օրինականության խիստ խնդրահարույց լինելու հիմքերի վերաբերյալ այսօր ՀՀ գլխավոր դատախազություն համապատասխան գրավոր դիմում է ներկայացվել»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառահատումները սկսել է մարտի 23-ից Կասկադ համալիրին հարակից տարածքից, որտեղ արդեն սակուրաներ են տնկվել։
Երևանի քաղաքապետարնն էլ իր հերթին բացատրում է, որ քաղաքի տարբեր հատվածներում ծառերի փոխարինման աշխատանքներ են իրականացվում, քանի որ դրանք իրենց կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակներ են։