Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության հաշվապահը մեղադրվում է 577 հազար դոլար հափշտակելու մեջ

ԵՄ դրոշը
Աբբասովան կանխիկացրել է ներկայացուցչության բանկային հաշվին եղած դրամական միջոցները, ինչպես նաև փոխանցում դրանք իր քարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության հաշվապահը մեղադրվում է շուրջ 577 հազար դոլար յուրացնելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով գլխավոր դատախազությանը։
Քննությամբ հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ Զարիֆա Աբբասովան 2017-2022 թվականներին ներկայացուցչությունում հաշվապահ աշխատելիս կանխիկացրել է բանկային հաշվի վրա գտնվող դրամական միջոցները, ինչպես նաև տարբեր ժամանակ կեղծ վճարումների միջոցով տվյալ գումարները փոխանցել է իր աշխատավարձային քարտին` այդ կերպ յուրացնելով նշված կազմակերպությանը պատկանող ավելի քան 980 հազար մանաթ։
Աբբասովային մեղադրանք է առաջադրվել ՔՕ–ի 179.4–րդ (զգալի վնաս հասցնելով յուրացում կամ մսխում կատարելը), 308.2–րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) և 313–րդ (պաշտոնեական զեղծարարություն) հոդվածներով։ Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարան։