ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Արմավիրի Ջանֆիդա սահմանամերձ գյուղի բնակիչները վրդովվում են, որ չեն կարող մշակել ինժեներատեխնիկական կառույցների հետնամասում գտնվող այգիները, ավելի ճիշտ՝ չեն կարողանում սեզոնային աշխատողներին տանել այնտեղ։ Ամեն ինչ սկսվում է անցագրեր տրամադրելու համար նրանց ստուգման ընթացակարգի երկարությունից:
Ռազմական փորձագետ, սահմանապահ ծառայության վետերան Լև Ազատխանյանն ասում է, որ խոսքը սահմանային հատվածում գտնվող հողերի մասին է: Այդ գոտում ցանկացած տնտեսական գործունեություն իրականացվում է հայկական օրենսդրության համաձայն։ Նա նշում է, որ անցագրային կարգը ռուս սահմանապահները չեն որոշում։
«Սահմանապահներն անցագրերը տրամադրում են միայն, երբ գյուղական համայնքների տրամադրած ցուցակները համաձայնեցվում են Հայաստանի ներքին գործերի մարմիններում և ԱԱԾ-ում։ Հաճախ գյուղացիների մոտ կարծիք է ձևավորվում, որ այդ ընթացակարգերը սահմանապահներն են հաստատել և նրանք չեն ուզում դրության մեջ մտնել։ Դա սխալ է: Սահմանապահները միայն խստորեն կատարում են Հայաստանի օրենքները»,-ասում է Ազատխանյանը։
Եթե խորհրդային տարիներին համակարգի հետևում գտնվող կոլխոզի հողեր մի քանի տասնյակ աշխատողի էին թողնում՝ իրենց տեխնիկայով, կոմբայններով և տրակտորներով, ապա հիմա հարյուրավոր և հազարավոր հեկտարներ կազմող այդ տարածքները բաժանված են բոլոր գյուղացիների միջև և սեզոնին ամեն օր այն կողմ կարող են հարյուղավոր և հազարավոր մարդկանց թողնել։
Եվ ոչ միայն մարդկանց, այլև տեխնիկան՝ բեռնատար, մարդատար, գյուղատնտեսական (տրակտորներ և կոմբայններ), որոնք զննում են պահանջում։ Խոսքն ամեն դեպքում պետական սահմանի մասին է, ընդ որում՝ Հայաստանի հետ ոչ այնքան բարեկամական երկրի հետ։ Բնական է, որ դա իր հետքն է թողնում և մի շարք խնդիրներ է ստեղծում թե՛ գյուղացիների, թե՛ սահմանապահների համար, որոնք, ըստ էության, հարվածն իրենց վրա են վերցնում, քանի որ բնակիչները հենց նրանց են ներկայացնում տարբեր բողոքները, որոնց լուծումը հիմնականում սահմանապահներից չի կախված։
Ազատխանյանն ասում է, որ նախկինում այդ կողմում ոչ աշխատատար մշակաբույսեր էին աճեցնում։ Հիմնականում ցորեն էին ցանում, բանջարեղեն էին աճեցնում։ Գյուղացիներն իրենց ընտանիքների ու բարեկամների ուժերով գլուխ էին հանում։ Այնինչ հիմա մեծ տարածքով այգիներ են տնկվել։ Դրանք շատ ավելի աշխատատար են, շատ աշխատանքային ձեռքեր և տեխնիկական միջոցներ են պահանջում: Հողերի սեփականատերերը սկսել են աշխատանքի համար ներգրավել այլ գյուղերի բնակիչներին, որոնք միշտ չէ, որ գիտեն սահմանին վարքագծի կանոնները և կարող են տարբեր սադրանքների թիրախ դառնալ։
Եվ հաշվի առնելով, որ կան որոշակի կատեգորիայի անձինք, որոնց գտնվելը սահմանի մոտ անցանկալի է կամ կարող է վտանգավոր լինել, հատուկ ծառայությունների կողմից ստուգումներին չի կարելի մատերի արանքով նայել։ Իհարկե, այս ամենը լրացուցիչ և շատ լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծում ԱԱԾ աշխատակիցների համար։
«Հնարավոր է՝ որոշ դժվարություններ եղել են նաև գյուղական համայնքների խոշորացման պատճառով։ Եթե մինչ այդ ցուցակները, օրինակ, Ջանֆիդա գյուղի, պատրաստվում էին գյուղում և անմիջապես ուղարկվում էին ատյաններ, ապա հիմա ավելացել է ևս մեկ ատյան՝ Մեծամոր խոշորացված համայնքը»,-պարզաբանում է փորձագետը։
Ազատխանյանն ասում է, որ համաձայնեցման առկայության դեպքում սահմանապահներն անցագրերը շատ արագ են դուրս գրում՝ մի քանի ժամվա, երբեմն՝ մի քանի րոպեի ընթացքում։ Սա, ըստ էության, ամենաարագ ընթացակարգն է: Ժամանակի առումով ավելի շատ աշխատանք կատարում են ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները։
Առաջացող բոլոր հարցերի լուծումը հնարավորինս շատ հաղորդակցությունն է՝ գյուղացի-գյուղական խորհուրդ-ոստիկանություն-ԱԱԾ-սահմանապահներ: Եվ, իհարկե, գործընթացում պետք է շատ ակտիվ ներգրավված լինեն մարզպետարանները։ Աշխատանքը հնարավորինս օպտիմալացնելու համար անհրաժեշտ է նախապես սկսել այն, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից շատ առաջ։
Նրա խոսքով՝ թե՛ սահմանապահների, թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ-ի խնդիրն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը, որպեսզի տեղի բնակիչները կարողանան անվտանգ աշխատել սահմանին մոտ գտնվող իրենց հողատարածքներում:
Ազատխանյանը պատմում է, որ 90-ականներին իրենք հաճախ էինք բախվում սահմանի մյուս կողմից դաշտերում աշխատող տեղացիների, սահմանամերձ գյուղերի տների, սահմանապահ վերակարգերի ուղղությամբ կրակոցների։ Թուրքական կողմից սահմանի անմիջական մոտակայքում հայտնված մարդկանց կանչում էին զրույցի՝ առևանգման կամ մաքսանենգ գործունեության մեջ ներգրավելու նպատակով։