Լավրովը Բլինկենի հետ քննարկել է ամերիկացի լրագրող Գերշկովիչի ձերբակալությունը. ՌԴ ԱԳՆ

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մարտի 30-ի առավոտյան ԱԴԾ-ն հաղորդել էր Եկատերինբուրգում The Wall Street Journal-ի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին՝ ամերիկյան կառավարության շահերից բխող լրտեսության կասկածանքով: Ընդգծվել էր, որ Գերշկովիչը, գործելով ամերիկյան կողմի հանձնարարությամբ, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հավաքագրում է իրականացրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության վերաբերյալ։ Նրան ձերբակալել են գաղտնի տեղեկություններ ստանալու պահին։ Լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 276-րդ հոդվածով (Լրտեսություն): Այս հոդվածով նախատեսված 10-20 տարվա ազատազրկում։
«Ռուսաստանում լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչի ձերբակալության վերաբերյալ պետքարտուղարի կողմից բարձրացված հարցի քննարկման համատեքստում Էնթոնի Բլինկենի ուշադրությունն ուղղված է եղել Ռուսաստանի իշխանությունների՝ ՌԴ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան ընդունված որոշումները հարգելու անհրաժեշտության վրա»,-ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Լավրովն ընդգծել է Վաշինգտոնի պաշտոնատար անձանց և արևմտյան ԶԼՄ-ների կողմից իրարանցում հրահրելու անթույլատրելիությունը՝ այդ գործին քաղաքական երանգ հաղորդելու ակնհայտ մտադրությամբ:
«Լավրովն ասել է, որ Էվան Գերշկովիչին բռնել են գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ՝ լրագրողական կարգավիճակի քողի տակ պետական գաղտնիք կազմող տվյալների հավաքագրում իրականացնելիս»,-հավելել են գերատեսչությունում:
Հավելել են, որ ԱՄՆ քաղաքացու անօրինական գործունեության հաստատված փաստերի լույսի ներքո, որի ձերբակալության մասին Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը ծանուցվել է սահմանված կարգով, նրա հետագա ճակատագիրը կորոշի դատարանը»:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Լավրովի և Բլինկենի զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ բնույթի որոշ հարցերի: