Արդեն 3 ամիս է` Երևանում գործում է «հիշողության սրճարան», որտեղ ամեն չորեքշաբթի ժամը 11–ից հավաքվում են 60–ն անց մարդիկ, ծանոթանում իրենց հասակակիցների հետ, սուրճ, թեյ խմում, միևնույն ժամանակ մարզում հիշողությունը։
«Հիշողության սրճարանում» անցկացվում է նաև հետազոտություն, որի արդյունքում մասնակիցների մոտ կարող են նկատվել Ալցհայմերի հիվանդության կամ դեմենցիայի նախանշաններ: Թե ինչպես ծնվեց «հիշողության սրճարան» բացելու գաղափարը, ինչպես են իրենց զգում այստեղ հաճախող մեծահասակները, Sputnik Արմենիան պարզել է տեղում` զրուցելով ծրագրի կազմակերպիչների և շահառուների հետ։
«Հիշողության սրճարաններ» կլինեն նաև մարզերում
2022 թվականի հոկտեմբերի 1–ին` Տարեցների միջազգային օրը, երևանյան սրճարաններից մեկում «հիշողության սրճարան» բացվեց, որն իրականացնում էր «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը: Այս տարվա հունվարի 1–ից սրճարանը տեղափոխվել է «Լոֆթ» կենտրոն, որի հետ համագործակցության հուշագիրը ստորագրվել է մարտի 20–ին։
Կենտրոնը մասնաճյուղեր ունի նաև մարզերում։ Առաջիկա ամիսներին համանման սրճարաններ կլինեն նաև Գյումրիում, Վանաձորում։
«Հույս ունենք, որ եկող տարի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ևս կբացվի «հիշողության սրճարան», որը նախատեսված կլինի ինչպես ստացիոնարում բուժում ստացողների, այնպես էլ հարակից շենքերի բնակիչների համար»,–ասաց «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։
Օֆելյա Կամավոսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Լոֆթի» ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ կենտրոնը, լինելով բաց հարթակ ստեղծարար ու հետաքրքիր մարդկանց համար, անչափ կարևորում է հատկապես տարեցների զբաղվածության և ժամանցի նախագծերը։
«Մենք մեծ սիրով հյուրընկալում ենք մեր հարկի տակ «հիշողության սրճարան» նախագիծը` փորձելով հետաքրքիր ու անհոգ դարձնել տարեցների համար օրվա մի քանի ժամը, որը նրանք անցկացնում են մեր կենտրոնում»,–ասաց Միրզոյանը։
Ալեքս Միրզոյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Նշենք, որ սրճարանը ժամանցի վայր է, որտեղ շահառուների հետ աշխատում են կազմակերպության հոգեբանն ու սոցիալական աշխատողը, զրուցում են, խաղում հիշողության ու կոգնիտիվ գործառույթների վրա դրական ազդեցություն ունեցող խաղեր։
«Հիշողության սրճարան» Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
Կյանքը «հիշողության սրճարանում»
Ուղեղի աշխատանքը կարգավորող, հիշողությունը մարզող տարբեր խաղեր, հին ֆիլմերից նմանակումներ, կինոդիտումներ, երգ ու պար... ահա այսպես են 60–ն անց մարդիկ անցկացնում իրենց ժամանակը «հիշողության սրճարանում»։
Այստեղ սուրճի, թեյի սեղանի շուրջ հավաքվում են արդեն մտերիմ դարձած մարդիկ, որոնց ամեն շաբաթ միանում են նորերը։
Սեղանի շուրջ նստած են թե՛ ամուսիններ, որոնցից մեկի մոտ դեմենցիա է հայտնաբերվել, թե՛ ընկերուհիներ, որոնցից մեկը մյուսին օգնում է հաղթահարել կյանքի դժվարին փուլը։
60–ամյա Նարինե Մելքոնյանը, որը ավելի քան 20 տարի բնակվել է ԱՄՆ–ում, վերջերս է Հայաստան տեղափոխվել։ Սրճարան առաջին անգամ է եկել` ընկերուհուն ուղեկցելու։
Նարինե Մելքոնյան
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է` 5 երեխաների և 8 թոռների կարոտն է հայրենիք վերադարձրել, ինչպես նաև մտերիմ ընկերուհու` Գոհարի կյանքի փոքր–ինչ դժվար իրավիճակը։
«Այստեղ եմ եկել ընկերուհուս հորդորով։ Ասեց` քեզ լավ տեղ եմ տանում։ Իսկապես շատ լավ տեղ է, որպեսզի մարդիկ իրենց մենակ չզգան, նոր ծանոթություններ հաստատեն»,–ասում է Նարինեն։
Տարիներ շարունակ բնակվելով ԱՄՆ–ում, որտեղ մեծերի համար նախատեսված բազում «մանկապարտեզներ» կան` տիկին Նարինեն շատ դրական է վերաբերվում Հայաստանում նման նախագծերի իրականացմանը։
Նրա խոսքով` հայկական իրականությունում ընդունված չէ, որ տատիկ–պապիկները ժամանակ անցկացնեն իրենց ընկերների հետ (նրանք սովորաբար նստում են տանը ու թոռներով զբաղվում), ուր մնաց` ընտանիքի անդամներից որևէ մեկն իր վրա պարտականություն վերցնի ամեն շաբաթ իր հարազատին նման սրճարան տանելու։
Սեղանի շուրջ նստածներից շատ ակտիվ է նաև 75–ամյա Ազիզ Ազիզյանը, որն այստեղ է գալիս Նորքի տուն–ինտերնատից։ Ասում է` անձնական կյանքը չի դասավորվել, հիմա ընտանիք չունի։
«Այստեղ գալիս եմ ուրախ ժամանակ անցկացնելու համար։ Դա ինձ շատ է պետք։ Հիշողության հետ կապված ոչ մի գանգատ չունեմ»,–նշում է նա։
Ազիզյանի խոսքով` չնայած տարիքին, ակտիվություն է սիրում և ուրախ է, որ առողջությունն իրեն թույլ է տալիս ազատ տեղաշարժվել, լսել ու հասկանալ մարդկանց։ Դա մի ունակություն է, որը տուն–ինտերնատում քչերն ունեն։
Ազիզ Ազիզյան
© Sputnik / Aram Nersesyan
Հիշողության խնդիրները չպետք է անտեսել
Մարդիկ հաճախ ամաչում են, երբ հարազատի մոտ դեմենցիա կամ Ալցհայմերի հիվանդություն է առաջանում։ Նրանք նախընտրում են իրենց հարազատին տանը փակել:
Ծրագրում ներգրավված հոգեբանը հարազատներին բացատրում է, որ պետք չէ զայրանալ, երբ մարդը մի քանի անգամ նույն հարցն է տալիս, մոռանում ակնհայտ թվացող փաստերը կամ գնում է տնից: Ուղղակի այդպես է արտահայտվում հիվանդությունը:
«Հիշողության սրճարանը» թույլ է տալիս այս հիվանդություններն ախտորոշել վաղ փուլում:
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանի խոսքով` մարդիկ, ցավոք, լուրջ չեն վերաբերվում հիշողության կամ առհասարակ վարքագծի հետ կապված խնդիրներին, քանի դեռ դրանք ակնհայտ չեն դառնում շրջապատի համար, իսկ սա նշանակում է՝ հիվանդությունն այլևս վաղ փուլում չէ։
Աշխարհում ընդունված MoCa (Մոնրեալյան կոգնիտիվ գնահատում) թեստով կատարվում է հիշողության գնահատում: Թեստի արդյունքներով 80 տոկոս ճշգրտությամբ երևում է՝ մարդն ունի կոգնիտիվ գործառույթների հետ կապված խնդիր, թե ոչ:
Մարիամ Բադալյան
© Sputnik / Aram Nersesyan
Սրճարանում տարվող աշխատանքները հնարավորություն են տալիս հիշողությունը պահպանելու այն վիճակում, որն առկա է, որոշ դեպքերում` բարելավել։
Ակնհայտ է մի բան. առաջին անգամ սրճարան եկողները հիմնականում շրջանցում են վատ հիշողություններն ու կենտրոնանում դրականի վրա։ Մի քանի այցից հետո պատմում են նաև բացասականի մասին։ Սրճարանը դառնում է հարազատ մի վայր, որտեղ իրենց հասկանում են։
«Հիշողության սրճարան» Երևանում
© Sputnik / Aram Nersesyan