Երևանի «Սառցե Արենայում» ապրիլի 2-ին մեկնարկեց Հոկեյի Հայաստանի լիգայի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցում են 5 թիմեր։
Հոկեյը առաջին քայլերը չի կատարում Հայաստանում։ Բացի որոշ ակումբներից մենք ունեցել ենք Հայաստանի հավաքական, որը հանդես է եկել ցածր լիգաներում։ Կարճ ասած` Հոկեյի ինչ-որ բազա Հայաստանում եղել է։ Ու հենց այդ բազայի վրա էլ նախաձեռնվել է Հոկեյի Հայաստանի Լիգայի առաջնությունը։
«Սառցե Արենայում» երկարատև ընդմիջումից հետո այսօր կայացան ՀՀԼ-ի անդրանիկ առաջնության առաջին հանդիպումները։ «Սառցե Արենա» եկած երկրպագուներին ողջունելով ու շնորհավորելով` մրցումների կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ապագայում անհամեմատ լավ խաղեր են սպասվում։
«Մենք բավականին լուրջ աշխատանք ենք տարել այս առաջնությունը կազմակերպելու ու անցկացնելու համար։ Հոկեյը Հայաստանում զարգացնելու համար դեռ շատ գործ ունենք անելու։ Պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, մասսայականացնել մարզաձևը։ Բայց մենք պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը և ուզում ենք, որ հոկեյն էլ Հայաստանում դառնալ ամենասիրված մարզաձևերից մեկը», - նշեց ՀՀԼ-ի նախագահ Պյոտր Լեբեդևը։
Հինգ թիմեր՝ «Երևանյան առյուծները», «Շնաձկները», «Պղպեղները», «Փյունիկն» ու «Ֆալկոնսը» կպայքարեն Հայաստանի առաջին չեմպիոնական կոչման համար։ Բացման խաղում «Երևանյան առյուծները» 14։7 հաշվով հաղթանակի հասան հիմնականում ռուս սահմանապահ զինվորականներից կազմված «Շնաձկներ» թիմի նկատմամբ։ Տեղին է նշել, որ ռուս հոկեյիստների ներկայությունը միայն զարգացում կհաղորդի մրցումներին։
«Կարելի է ասել, որ հոկեյը վերադառնում է Հայաստան, քանի որ 2010 թվականից հետո մեր երկրում պաշտոնական հանդիպումներ չեն եղել։ ՀՀԼ-ի մեկնարկում մենք փորձելու ենք զարգացնել ակումբային հոկեյը, բաց դրանում նաև կկարողանանք վերաստեղծել Հայաստանի հավաքականը։ Ունենք ստիմուլ ու մոտիվացիա։ Շարժվելու ենք առաջ», - ասաց Հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վարհրամ Սարգսյանը։
Չնայած հոկեյի առաջնությունն առաջին անգամն էր անցկացվում, բայց «Սառցե Արենայում» ազատ տեղեր չկային։ Ստացվում է, որ այս մարզաձևն արդեն սեր է վայելու մեր երկրում։ Իսկ հոկեյիստների գործողություններում առայժմ որոշակի խնդիրներ իհարկե կան։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի Հայաստանում էլ հոկելյին հետևելիս տեսնենք ուժային հնարներ, արագ կոմբինացիաներ, միգուցե և հոկեյին բնորոշ բռնցքամարտ սառցի վրա։
Նշենք, որ ՀՀԼ-ի հանդիպումներն անցկացվելու են ամեն կիրակի։ «Սառցե Արենան» այդ օրերին ընդունելու է երկու հանդիպում։ Առաջնության հաղթողն ու մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսին։