Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

Ծաղկազարդը Երևանում
Այսօր Ս. Գայանե վանքում տեղի կունենա Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն։ Ծաղկազարդը հասարակության սիրելի տոներից է։ Շատերն են եկեղեցի գնում` օրհնված ճյուղեր տանելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդն ու երեխաների օրհնության օրը։ Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրն է նշվում Ծաղկազարդը, որը նշանավորում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այսօր Ս. Գայանե վանքում տեղի կունենա Սուրբ պատարագ և մանուկների օրհնություն։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Ըստ եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն էլ առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
Ծաղկազարդի օրը Քրիստոսն իր կամքով գնաց Երուսաղեմ՝ իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո գառը, որը կամենում է պատարագվել մեր փրկության համար:
Հավելենք, որ այսօրվա Ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Իսկ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: