ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, որի արդյունքում մեկ զինծառայող մահացել է, մյուսը ստացել հրազենային վնասվածք, նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Սկսված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում կրակոցներ են արձակվել ինչպես հակառակորդի կողմից, այնպես էլ միաժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև»,– ասված է հաղորդագրությունում։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ ինչպես հակառակորդի կրակոցներից, այնպես էլ ԶՈւ զինծառայողների միջև փոխհրաձգության հետևանքով զինծառայողների մահվան և վնասվածք ստանալու հնարավորությունը և հանգամանքները պարզելու ուղղություններով։