ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Գերծանր քաշային (+102 կգ) հայ ծանրորդ Գագիկ Մկրտչյանը Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 313 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։
Պոկում վարժությունում Գագիկ Մկրտչյանը բարձրացրեց 139 կգ ու նվաճեց փոքր բրոնզ։
Հրում վարժությունում նա բարձրացրեց 174 կգ և նվաճեց փոքր արծաթ։
Երկամարտի արդյունքում ԱԱ երիտասարդական չեմպիոն դարձավ Վրաստանը ներկայացնող Իրակլի Վեկուան,իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վանգ Յու Չենգը։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում դարձել է երկամարտի բրոնզե մեդալակիր։ Իսկ 81 կգ քաշային կարգում Էմմա Պողոսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։