Տավուշում կաշառք ստանալու կասկածանքով սոցիալական ծառայության աշխատակից է ձերբակալվել

Ծրարի մեջ դրված գումար
Եվս երկու անձանց ձերբակալել են սոցիալական ծառայության աշխատակցին կաշառք տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.–ն ու ևս երկու անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Պարզվել է, որ Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար կաշառք է ստացել։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 դրամ կաշառք է տվել Լ. Ա.-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը 10.000 դրամ կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ. Գ.-ից` բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար։
Լ. Ա.-ն, Ա. Ա.-ն և Յ. Գ.-ն ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն: