ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Էլեկտրացանցին միանալու սակագները չեն փոխվել 2008 թվականից ի վեր և ինքնարժեքից շատ ավելի ցածր են եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը՝ մեկնաբանելով ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագները նոր բաժանորդների ցանցին միանալու համար, որոնք մի քանի անգամ աճել են։
Նշենք, որ կարգավորող հանձնաժողովի նշված որոշմամբ առանձնատան միացման արժեքը 53-62 հազարից հասել է մոտ 230-280 հազար դրամի։ Երևանում բնակարանների միաֆազ միացումը մոտ 150-200 հազարից հասնում է 690 հազար դրամի (սակագների հաշվարկման բանաձևերի մասին մանրամասն՝ այստեղ):
Միացման նախկին սակագներն ուժի մեջ էին մտել 2008 թվականին և այդ ժամանակից ի վեր գնաճով չեն ինդեքսավորվել: Արդյունքում առանձնատների համար դրանք մարզերում կազմում էին 53 հազար, իսկ Երևանում՝ 62 հազար դրամ։ Բազմաբնակարան շենքում մեկ բնակարան միացնելու արժեքը կախված էր շենքում դրանց քանակից․ 66 հազարից (25 բնակարանից պակաս) այն նվազում էր մինչև 46 հազար, եթե շենքում 61 կամ ավելի բնակարան կա։ Երևանում այդ գումարը բազմապատկվում էր 3-ով։ Պատճառն այն է, որ մայրաքաղաքում էլեկտրացանցն ավելի ծանրաբեռնված է, և նոր բաժանորդներ միացնելու համար երբեմն լրացուցիչ ծախսեր են պահանջվում (այդ թվում՝ նոր ենթակառուցվածքների կառուցում):
Դրա հետ մեկտեղ, այդ թվերը հեռու են իրական թվերից, նշեց Աղինյանը։ Նույնիսկ նախորդ սերնդի հաշվիչները 30-40 հազար դրամ արժեին, իսկ նոր, թվային հաշվիչները՝ 65 հազար և ավելի։ Դրանք հագեցած են մոդեմով և յուրաքանչյուր կես ժամը մեկ հաշվիչի ցուցմունքներն փոխանցում են «Էլցանցերի» սերվերներին և բաժանորդների հեռախոսներին։ էլեկտրական ցանցում աշխատանքի արժեքը նույնպես աճել է (այն ենթակա է գնաճի, ինչպես ցանկացած ապրանք կամ ծառայություն):
Բացի այդ, վերջին տարիներին միացման հայտերի քանակը զգալիորեն աճել է, և ոչ միայն հանրապետությունում շինարարական բումի պատճառով, այլ նաև սպեկուլյատիվ տրամադրությունների պատճառով, որոնք առաջացնում էր միացման էժանությունը․ այն հատկապես նկատելի էր տների կառուցման և հարդարման այլ ծախսերի գների ավելացման ֆոնին: Դրա պատճառով աճում էր «պահուստային», իրականում չօգտագործվող միացումների հայտերի քանակը։ Կարգավորիչի 2021 թվականի գնահատմամբ՝ հանրապետությունում 2017-21 թվականների ընթացքում կատարված բոլոր միացումների 38%-ի դեպքում էլեկտրաէներգիայի սպառումը եղել է զրոյական։
Գնի և իրական ինքնարժեքի տարբերությունը սուբսիդավորել է էլեկտրացանցը։ Վերջին 5 տարվա ներդրումային ծրագրով նախատեսված էր 3,5 մլրդ դրամ, բայց փաստացի այդ ծախսերը հասել են 12 մլրդ-ի։ Լրացուցիչ գումարը էլցանցը ավելացրել է՝ կրճատելով մյուս ծախսերը, պարզաբանեց Աղինյանը։
Եթե ինչ-որ մեկն ինքնարժեքից ցածր գնով է ստանում այդ ծառայությունները, ապա ակնհայտ է, որ այդ տարբերությունը լրացվում է մեկ ուրիշի հաշվին։ Այդ տարբերությունը որևէ մեկը պետք է լրացնի: Բացի ընդհանուր սակագներից, դա այլ տեղից չի կարող գալ, իսկ նման մոտեցումը հազիվ թե արդարացված է, կարծում են հանձնաժողովում։