ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. 2023թ․–ի հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունից։
Այս որոշումը կայացվել է ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ բաժնետիրոջ լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի ժամանակ։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է թերթերի 2022թ.–ի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով։
«Նշված թերթերի տպագրության համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «Արմենպրեսի» կայքում վրացերեն, չինարեն, պարսկերեն լուրերի թողարկման նպատակի իրագործմանը, արտերկրում թղթակցական կետերի հիմնմանը»,– ասել են գործակալությունից:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։
Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Հետագայում` 1992 թվականիի նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև` ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000 թվականի վերջը։
2001 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որի հրատարակությունն էլ հանդիսացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով այն սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: