ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետություններում արտադրված ինքնագնաց մեքենաները և տրանսպորտային տեխնիկայի այլ տեսակները ապրիլի 1-ից ՌԴ-ում կգրանցվեն միայն էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել։
Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներից ներկրողներն ու արտադրողները էլեկտրոնային անձնագիր են ձևակերպում ինքնուրույն:
Էլեկտրոնային անձնագիրը փոխարինում է տրանսպորտային միջոցի թղթային անձնագրին, որը Ռուսաստանի Դաշնությունում դադարեցվել է դեռևս 2020 թվականին: Էլեկտրոնային անձնագիրը տեղեկություններ է պարունակում տեխնիկական բնութագրերի, տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում վթարների, կիրառված սահմանափակումների, ապահովագրության, սեփականատերերի մասին:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։