ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույքեր ու դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը մարտի 28-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
Ըստ հաղորդագրության` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 288 մլն 86 հազար 250 դրամ, ինչպես նաև 1 իրավաբանական անձում մասնակցություն, 5 շարժական գույք և 5 անշարժ գույքի շուկայական արժեքը, որը դեռևս գնահատված չէ։
Պահանջվում է նաև բռնագանձել 58 մլն 515 հազար 628 դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվել օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում։