ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Տեղեկությունը հայտնում է Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։