Ո՞ւր էր իշխանությունը. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում ադրբեջանական տեղակայումների մասին

Տիգրան Աբրահամյան
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է` Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ընդունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։
ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
«Ո՞ւր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ընդունի»,– գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է` երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում:
Պատգամավորն անդրադարձել է նաև ԱԱԾ-ի հայտարարության այն հատվածին, թե հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ։ Նա շեշտել է, որ այդ սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ:
Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը, ըստ Աբրահամյանի, նորմալ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ «կթռչեին» իրենց պաշտոններից: