Ուկրաինայի պաշտպանության նախարարը հաստատել է հակահարձակման նախապատրաստումը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ (28 փետրվարի, 2022թ): Գոմելի շրջան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Ռեզնիկովը հայտարարել էր, որ ուկրաինական բանակի հակահարձակումը կընթանա մի քանի ուղղություններով և կարող է սկսվել ապրիլ-մայիս ամիսներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ բանակը պատրաստվում է հակահարձակման: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության միասնական հարթակին։
Ռեզնիկովը կոչ է արել եվրոպացի գործընկերներին «ուժեղացնել ռազմական օգնությունը ծանր տեխնիկայով և արտերկրում ուկրաինացի զինծառայողների մասնագիտական պատրաստվածությամբ»:
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը նախօրեին հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքականության և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ՝ հանձնաժողովի նախագահ Դելֆինա Պրոնկի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին եվրոպական երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներ:
«Սրտանց շնորհակալ եմ ձեր երկրներին համակարգային աջակցության և կատարված աշխատանքի համար։ Արևմտյան սպառազինության մատակարարումների շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը հաջողություններ ունեն մարտի դաշտում։ Սակայն մենք պատրաստվում ենք հակահարձակողական գործողության, այդ պատճառով Ուկրաինային, առաջին հերթին, ծանր տեխնիկա և պատրաստված ռեզերվներ են անհրաժեշտ», - Ռեզնիկովի խոսքը մեջբերում է Ուկրաինայի կառավարության միասնական հարթակը։
Նա ընդգծել է, որ Կիևը շահագրգռված է ուկրաինացի զինվորականների մարզումների կազմակերպմամբ բոլոր մակարդակներում՝ սկսած զինվորի անհատական պատրաստությունից մինչև բրիգադային մակարդակի ստորաբաժանումների հավաքական վարժանքներ, նշելով, որ կառավարությունը սպասում է ՆԱՏՕ-ի Վիլնյուսի առաջիկա գագաթնաժողովին, որը «պետք է վկայի, որ Ուկրաինան երկիր է, որը կարողանում է կռվել ՌԴ-ի դեմ»:
Ավելի վաղ Ռեզնիկովը հայտարարել էր, որ ուկրաինական բանակի հակահարձակումը կընթանա մի քանի ուղղություններով և կարող է սկսվել ապրիլ-մայիս ամիսներին:
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։