ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կրասնոդարի երկրամաս աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են դեսպանատնից։
Դեսպանը Կրասնոդարում ապրող հայերի հետ խոսել է հայ-ռուսական համագործակցության ներկա փուլի և երկու պետությունների միջև համագործակցության զարգացման առաջնահերթությունների մասին։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները։
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունների, Հայաստանի տնտեսական և ներդրումային գրավչությանը և այլ թեմաների շուրջ։ Հանդիպմանը ներկա է եղել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը։
Հանդիպման ավարտին ՌԴ-ում Հայաստանի դեսպանը տարածաշրջանի հայ համայնքային կառույցների երկու ղեկավարներին հանձնել է դիվանագիտական ներկայացուցչության շնորհակալագրերը՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում երկարամյա ավանդի համար։
Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Ռուսաստանի ՀԱԵ թեմին կից գործող մշակութային կենտրոն և կիրակնօրյա դպրոց։