Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը` բուժհաստատություն դիմել. ՔԿ

Ազգային ժողով
Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ այս պահին քննիչները Ազգային ժողովում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31մարտի – Sputnik. ԱԺ պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա և հարվածել նրան։
«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ»,–գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի։
Վլադիմիր Վարդանյանի օգնականը Sputnik Արմենիային հայտնեց` Վարդանյանի վիճակը նորմալ է. «Գնացել են հիվանդանոց և արդեն հետ են եկել` ԱԺ–ում է»։