Պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա ու փախել. Կոնջորյան

Վլադիմիր Վարդանյան
ԶԼՄ–ները գրում են, որ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել, իսկ Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,– գրել է նա։ Դեպքը տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ։
Նշենք, որ ԶԼՄ–ները գրում են, որ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել, իսկ Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Yerkir.am-ն էլ հայտնում է, որ «Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա»։
Ըստ կայքի տեղեկությունների` տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո օպերատիվ կերպով գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին: