ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պատգամավորներից մեկից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել։ Հայտնել են, որ «Հայաստան խմբակցության» պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։ Այդկերպ Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են միջադեպի ականատեսները։ Անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մհեր Սահակյանի հետ։
Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։
Նշենք, որ Սահմանադրությամբ՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ, պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: