ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։
Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահները նաև Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն։
Հիշեցնենք` երեկ ևս Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում էին արձանագրել Մարտունու շրջանում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։