ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հեռավար քննարկում են ունեցել Արցախի պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այսօր հեռավար քննարկում են անցկացրել Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այսօր հեռավար քննարկում են անցկացրել Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արցախի ԱԺ պատգամավորներից քննարկմանը մասնակցել են «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։