Հայաստանի ֆոնդային բորսայում հնարավոր կլինի եվրոպական արժեթղթեր գնել և վաճառել

AMX -ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը
Եվրոպական արժեթղթերի հասանելիությունը Հայաստանի բորսայում կբարձրացնի դրա գրավչությունը` ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Ինչ վերաբերում է հայկական արժեթղթերին, ապա դրանք արդեն հասանելի են արտասահմանյան մի շարք հարթակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հնարավոր կլինի եվրոպական արժեթղթերով առևտուր իրականացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց AMX -ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Օտարերկրյա ներդրողների համար AMX-ով ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերը նոմինալ պահառուի (nominee account) միջոցով գնելու հնարավորություն արդեն կա: Այժմ ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի ընդհանուր պորտֆելում ոչ ռեզիդենտների մասնաբաժինը համեմատաբար փոքր է (մոտ 3%), սակայն վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Հայկական հարթակով միջոցով եվրոպական արժեթղթերի հասանելիությունը կբարձրացնի AMX-ի գրավչությունը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար:
«Գնանշումները տեսանելի կլինեն սակարկությունների բոլոր մասնակիցներին, իսկ գործարքները կձևակերպվեն երկու օրվա ընթացքում», - նշեց Եգանյանը:
Բորսայում մտածում են նաև մեկ այլ միջազգային քլիրինգային ընկերության՝ Euroclear-ի հաշիվ բացելու հնարավորության մասին, որը բորսայում կտրամադրի պահառուի հաշվի նմանատիպ ծառայություն։
Այս նորամուծությունների նպատակն է միջազգային թողարկողներին հնարավորություն ընձեռել իրենց արժեթղթերը Հայաստանի ֆոնդային բորսայի գնանշման ցուցակում ներառել:
Ինչ վերաբերում է հայաստանյան թողարկողների (ինչպես կորպորատիվ, այնպես էլ ֆինանսների նախարարության) թղթերին, ապա դրանք արդեն հասանելի են մի քանի երկրների արտասահմանյան բորսաներում:
Բացի այդ, AMX բորսայում կհեշտացնեն արժեթղթերի գնման ընթացակարգերը՝ ներդնելով այսպես կոչված կենտրոնական կոնտրագենտի ինստիտուտը։ Այն թույլ կտա պարտքով՝ առանց կանխավճարի, արժեթղթեր գնել։
«Օրինակ` եթե հիմա ուզում եք 1 մլրդ դրամի գնում կատարել, պետք է նախապես վճարեք։ Եթե կա կենտրոնական կոնտրագենտ, ապա կարելի է սկզբում վճարել 100 մլն, իսկ մնացած 900-ը՝ որոշ ժամանակ անց, սովորաբար մինչև օրվա վերջ», - պարզաբանեց Եգանյանը։
Նման կառույցներ արդեն գործում են Մոսկվայի բորսայում, Վարշավայի արժեթղթերի բորսայում (AMX-ի հիմնական բաժնետեր) և այլն։ Հայկական բորսայում Կենտրոնական կոնտրագենտից կկարողանան օգտվել հայկական բանկերում հաշիվներ ունեցող բրոքերները։
Եգանյանն ավելացրեց, որ մոտ ժամանակներս AMX-ն ուզում է գործարկել նաև AMX Trader բջջային հավելվածը, որով ներդրողները կկարողանան տեսնել գնանշումների դինամիկան հայկական բորսայում և իրական ժամանակում գործարքներ կատարել: Հավելվածը կթողարկվի առաջիկա օրերին։