ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ուկրաինայի հակամարտությունը կարող է տևել ինչպես երկու, այնպես էլ չորս տարի, ինչը մարտահրավեր կլինի Գերմանիայի համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Frankfurter Allgemeine Zeitung համաժողովում։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորություն ունենանք շարունակել աջակցությունն այնքան ժամանակ, որքան պետք լինի։ Չէ՞ որ կարող է այնպես լինել, որ այս պատերազմը տևի երկու, երեք, չորս տարի, ինչը մարտահրավեր կլինի բոլորիս համար»,-նշել է Շոլցը։
Ուկրաինայի փոխարտգործնախարար և Բեռլինում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը, որը ելույթ էր ունենում տեսակապով, չի աջակցել Շոլցին և ընդգծել է, որ Կիևը նման գնահատականի հետ չի հաշտվի:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին ՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Կրեմլն ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։