ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ քայլ չի կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։
«Ես իմ տեղում եմ մնացել, քայլ չեմ կատարել և չէի էլ կարող կատարել։ Մհեր Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ ու հարվածել, որի հետևանքով բավականին զգալի բացվածք է դեմքիս, բժշկական միջամտություն է եղել, երկու կար են դրել»,–նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` միջադեպը տևել է մեկ րոպե, և ինքը չի կարող ասել՝ ընդդիմադիր պատգամավորի ձեռքին ինչ-որ բան եղել է, թե ոչ, բայց չի բացառում, որ եղել է։
«Ես չեմ միջամտելու իրավապահ մարմինների աշխատանքին։ Մասնակցել եմ հարցաքննությանը, տվել եմ ցուցմունքներ, արարքին որևէ քրեաիրավական գնահատական չեմ տալու, քաղաքական գնահատական` հնարավոր է», - նշեց Վարդանյանը։
Ըստ պատգամավորի` ինքը կհրաժարվեր որևէ հարցազրույցից , եթե չլինեին հայտարարություններ, թե ինքը նախահարձակ է եղել։
«Միջադեպից առաջ որևիցե վիրավորական արտահայտություն թույլ չեմ տվել, նույնիսկ «դու»-ով խոսք չի եղել», - ավելացրեց Վարդանյանը։
Նա պատմեց, որ միջադեպից հետո իրեն են մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը ու ասել՝ շատ վատ բան է եղել։
«Գեղամ Նազարյանն ասում էր`շատ վատ բան ստացվեց, խի՞ այսպես արեց, պետք է պատժվի, իսկ հիմա մամուլում տեսնում եմ հրապարակումներ, որ ես եմ նախահարձակ եղել, ես եմ սադրել, սրանք ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք անընդունելի են»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպը տեղի է ունեցել այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։։
Մհեր Սահակյանին ձերբակալել են, իսկ Վլադիմիր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երկար չի մնացել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր` բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա։