ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Արևմուտքը, Ռուսաստանի նկատմամբ բազմաթիվ պատժամիջոցներ կիրառելով, չի կարողացել նախապես հաշվարկել դրանց հետևանքները, հայտարարել է չեխական բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Իրժի Շեդիվին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բազմաթիվ պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի դեմ, բայց բոլորովին չենք հաշվարկել դրանց հետևանքները, թե ինչպես դրանք կարող են մեր դեմ աշխատել։ Ես դա համարում եմ հիմնարար ձախողում։ Բացի այդ, մենք թերագնահատել ենք ՌԴ-ի դաշնակցային կապերը։ Հիմա մենք զարմացած ենք, որ ոչ բոլորն են ընդունել մեր պատժամիջոցները։ Լինի դա Ռուսաստանի ռազմավարական գործընկերը ՝ Չինաստանը (չնայած նա երբեմն փորձում է ձևացնել, թե այդպիսին չի հանդիսանում), թե Իրանը, թե Հյուսիսային Կորեան։ Եվ նույնիսկ Հարավային Աֆրիկան, որը միացավ չին-ռուսական ռազմածովային զորավարժություններին: Մենք սխալ ենք գնահատել ողջ իրավիճակը, քանի որ պատրաստ չէինք դրան»,-ասել է Շեդիվին Czdefence ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում։
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։