ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հանկարծակի է հարվածել ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, խփել է նրան, փախել սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։
«Որոշ ժամանակ նրան չէինք կարողանում գտնել, հետո, բնականաբար, դիմեցինք ոստիկանություն, դատախազություն, քննչական կոմիտե։ Նրանք արագ տեղ հասան ու բերման ենթարկեցին Մհեր Սահակյանին»,– ասաց պատգամավորը։
Հովհաննիսյանի խոսքով` միջադեպը պետք է քրեաիրավական հետևանք ունենա Մհեր Սահակյանի համար, քաղաքական հետևանք` «Հայաստան» խմբակցության ղեկավար կազմի և պատգամավորների համար։
«Հստակ է, որ պատգամավորական մանդատներ են ստացել փողոցային խուլիգանները, որոնք գործուղվել են ԱԺ բնականոն ընթացքը խաթարելու և ամեն բան անլրջացնելու համար։ Տվյալ երիտասարդը փողոցային սովորական խուլիգան է և ամոթ է, որ նա ունի ԱԺ մանդատ»,– հավելեց նա։
Լրագրողների հարցին, թե ինչու իրավապահ մարմինները նույնպիսի արագությամբ չարձագանքեցին, երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում հարվածեց Վահե Հակոբյանին, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Լավ ա արել, հարձակվել էր, դրա մեկնաբանությունները տրվել են»։
Նա նշեց նաև, որ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ միջադեպից հետո եկել են, փորձել ներողամտություն հայցել, բայց թե կոնկրետ ովքեր են եղել, նա հրաժարվեց պատասխանել։
Պատգամավորը հավելեց, որ Վլադիմիր Վարդանյանի հոնքին կարեր են դրվել, նա շուտով կվերադառնա ԱԺ։
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ։