ԱՄՆ-ն հակառուսական գծի գլխավոր նախաձեռնողն է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը միջազգային լարվածության աննախադեպ մակարդակ է արձանագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի տրամաբանությունն արտացոլում է միջազգային գործերում հեղափոխական տեղաշարժերը։ Այս մասին տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Փաստաթղթի տրամաբանությունն արտացոլվում է փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները։ Ըստ էության` դրանք արտաքին ուրվագծում հեղափոխական տեղաշարժերն են, որոնք տեսանելիորեն արագացել են հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ կապված»,– ասել է Լավրովը։
Արտգործնախարարի խոսքով` ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում խոսվում է համաշխարհային տնտեսության լրջագույն կառուցվածքային փոփոխությունների մասին։
«Տրվում է միջազգային զարգացման հիմնական երկարաժամկետ միտումների բնութագիրը` ներառյալ տնտեսական գլոբալիզացիայի ճգնաժամը, որը մինչև վերջերս իրականացվում էր ամերիկյան կանոններով։ Գործոններից մեկն այն է, որ համաշխարհային տնտեսությունը լրջագույն կերպով վերակազմավորվում է և անցնում նոր տեխնոլոգիական հենքի»,- ասել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ԱՄՆ-ն ուղղակիորեն անվանվել է հակառուսական գծի գլխավոր նախաձեռնողը:
Լավրովը նշել է նաև, որ նոր հայեցակարգով արձանագրվում է վերջին տասնամյակում միջազգային լարվածության աննախադեպ մակարդակ:
ԱԳ նախարարը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում նախատեսված է պատասխան սիմետրիկ կամ ասիմետրիկ միջոցների ներդրման հնարավորություն՝ Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողությունների:
«Հայեցակարգի դրույթները ենթադրում են, որ ոչ բարեկամական պետությունների հակառուսական քայլերը հետևողականորեն և անհրաժեշտության դեպքում խստորեն կկասեցվեն»,- ասել է նախարարը:
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ներկայացվում է զինված ուժերի օգտագործման թեզը՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա զինված հարձակումը հետ մղելու կամ կանխելու համար։
Նշենք, որ մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի հաստատման մասին։