ԱԽ քարտուղարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի մի շարք պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի մի շարք պաշտոնյաների հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Գրիգորյանը, մասնավորապես, հանդիպել է Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները:
Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Նա շեշտել է միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբեռանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։