ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Սպառողների ազգային ասոցիացիացիան ուսումնասիրություն է կատարել կաթնամթերքի շուկայում` պարզելու համար, թե որքանով են իրականությանը համապատասխանում վերջերս մամուլում տարածված լուրերը կաթնաշոռերի անվտանգության մասին։
Այսպիսով` փորձաքննության են ենթարկվել 10 նմուշի կաթնաշոռ, խախտումներ են հայտնաբերվել դրանցից 5–ում, մյուս 5-ը համապատասխանել են սահմանված չափանիշներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱԱ –ն։
Փորձաքննությունն իրականացվել է 3 լաբորատորիաների կողմից։
Ասոցիացիայից հայտնում են, որ նմուշառման ընթացքում պահպանվել են բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը։
Փորձարկման նմուշները համապատասխանել են նորմերին «Աշտարակ-Կաթ», «Չանախ» «Բիոկաթ», «Թամարա» և «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների կաթնաշոռերում։
Նորմերից խախտում է արձանգրվել «Մարիլա», «Անի պրոդուկտ», «Մարիաննա», «Արզնի-կաթ» և «Բոնիլատ» ընկերությունների կաթնաշոռերում։
Այս կաթնաշոռերի փորձարկման նմուշներում նորմայից խախտված են եղել հիմնականում` ԱՑԽՄ–ն, խմորասնկերն ու բորբոսասնկերը։
Փորձարկումներն իրականացվել են ՄՄՏԿ 033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» նորմատիվ փաստաթղթի պահանջների համաձայն։