ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեդ Եները հայտարարել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման համար խոչընդոտների բացակայության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիր 3 կուսակցությունները պահանջել են Բարձրագույն ընտրական հանձնաժողովից հեռացնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնի համար մրցավազքից, քանի որ, իրենց կարծիքով, նա առաջադրվելու իրավունք չունի:
«Առարկությունները գնահատվել են, հիմք են ընդունվել Սահմանադրության 77-րդ, 101-րդ և 116-րդ հոդվածները և նախագահի ընտրության մասին օրենքի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 8ա հոդվածները: Միաձայն որոշում է կայացվել մերժել առարկությունները (թեկնածության դեմ)»,- ասել է Եները ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14–ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է ԿԸՀ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։
Նրա առաջադրման մասին հայտարարությունը հանձնաժողովին են ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Էրդողանի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության կողմից առաջադրված «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։