ՌԴ խաղաղապահները Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

ՌԴ խաղաղապահներ. Արխիվային լուսանկար
Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է իրականացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։