ՌԴ-ի մոտոհրաձիգներն ու օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

ՀՌՕ զինծառայողներն Ալագյազում
Վարժանքների առանձնահատկությունը զորավարժարանի տարածքի լեռնային-ժայռոտ պայմաններն էին՝ ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային ստորաբաժանումները պլանային մարզման շրջանակում ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետերից կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան նմանակող թիրախների ուղղությամբ Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում։
Վարժանքի ընթացքում զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի տանկերը նմանակող թիրախներ, որոնք գտնվել են 250-300 մ հեռավորության վրա: Կրակոցներն իրականացվել են օրվա լուսավոր և մութ ժամերին՝ ցերեկային և գիշերային դիտարկման և նշանառության սարքերի կիրառմամբ:
Ստորաբաժանումների հրահանգիչները և հրամանատարները հատուկ ուշադրություն են դարձրել տարբեր եղանակային պայմաններում նշանառության հմտությունների կատարելագործմանը և կրակոցներից հետո դիրքերի փոփոխմանը:
Վարժանքներից առաջ ՀՌՕ զինծառայողներն ուսումնասիրել են ՌՊԳ-7Վ-ի կազմությունն ու մարտական հնարավորությունները, ստուգարքներ են հանձնել զենքի հետ վարվելիս և դրանից կրակելիս անվտանգության պահանջների թեմայով:
Վարժանքների առանձնահատկությունը զորավարժարանի տարածքի լեռնային-ժայռոտ պայմաններն էին՝ ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա: Լեռնային տեղանքի կլիմայական պայմաններում առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար անձնակազմի հատուկ նախապատրաստում է անհրաժեշտ:
Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքները կավարտվեն ստուգողական հրաձգությունների անցկացմամբ: