ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. 2023թ–ի փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ թոշակների հետվճարային համակարգի ներդրումից հետո այդ ցուցանիշը աննախադեպ աճ է գրանցել։
«Ուզում եմ հիշեցնել, որ 2022–ի փետրվարին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին` 2.7 միլիարդի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսով աճի տեմպը մենք շարունակում ենք պահել»,– ասաց նա։
Փաշինյանը նաև հայտնեց, որ փետրվարին գրանցված անկանխիկ առևտրի արդյունքում անկանխիկ առևտուր կատարած թոշակառումները մարտին 286 մլն 711 հազար դրամի հավելում կստանան իրենց կենսաթոշակներին։
Հետվճարի համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար, ապա երկարացվել մինչև 2023թ–ի հուլիս։