ՌԱԴԻՈ

Պատրաստ եմ «Հրազդանը» շատ էժան հանձնել մեծահարուստներին, թող գան, վերանորոգեն. Աղաբաբյան

«Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտն իրենցից վերցնելու խնդրին։
Sputnik
«Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը։
Նշենք՝ Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը վերցնել գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից. նա տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։
«Մենք այդտեղից ոչ մի տեսակի եկամուտ չունենք։ Հակառակը` տարիներ շարունակ սեփական գրպանից գումարներ ենք հատկացրել, որպեսզի դաշտը պահպանվի։ Այն ժամանակ, երբ Թուրքիայի ազգային հավաքականի հետ խաղից առաջ ֆուտբոլի ֆեդերացիան իրականացրեց վերանորոգման աշխատանքներ, խոտածածկը տեղափոխվեց։ Մենք մինչև հիմա պարտք ենք ֆեդերացիային։ Սնանկացման գործընթացից հետո ֆինանսական միջոցներ չունենք և չենք կարողանում որևէ բան անել»,– նշեց Աղաբաբյանը։
Երևանի քաղաքապետարանում Աղաբաբյանին ասել են, որ չեն իմացել, թե դա պահուստային դաշտ է, սակայն փաստաթղթերում արդեն ամրագրված էր, որ այդտեղ կառուցվելու է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց։
«Պահուստային դաշտը մեզանից վերցնում են, որովհետև չենք կարող վճարել վարձավճարը, առավել ևս, որ չկան թիմեր, որոնք կգան այդտեղ մարզումներ անցկացնելու և այդ նպատակով մեզ գումարներ կփոխանցեն։ Դրա համար առաջարկեցինք, որպեսզի պետությունն ինչ–որ բանով օգտակար լինի և օրենքի սահմաններում թույլատրի, որ դաշտը մնա մեր տնօրինության ներքո։ Գուցե հետագայում ինչ–որ տեղից գումարներ կհայթայթեինք և վերանորոգում կիրականացնեինք»,–ասաց մեր զրուցակիցը։
Աղաբաբյանի խոսքով` իրենց տասն օր ժամանակ տվեցին, որպեսզի ինչ–որ կերպ խնդիրը լուծեն, սակայն այդ կարճ ժամանակամիջոցում ոչինչ չստացվեց, և ապրիլի 3-ին Կադաստրի կոմիտեն պետք է վերցնի պահուստային մարզադաշտը։
Ի՞նչ նպատակով է «Հրազդան» մարզահամալիրից տարածք առանձնացվում. Սանոսյանը բացատրեց
«Անգամ համաձայն եմ մարզահամալիրն ու պահուստային դաշտը բավականին էժան գնով հանձնել մեծահարուստ մարդկանց, թող գան և վերանորոգեն։ Հիմա «Հրազդանը» բանկում դրված է որպես արտադատարանական գրավ, բայց մենք գտել ենք մի մարդու, ով կարող է մարել մեր պարտքը` պայմանով, որ իրեն պարտք մնանք, և տալիս է վեց ամիս ժամանակ, որ ներդրող գտնենք և հարցը լուծենք»,– նշեց Աղաբաբյանը։
Նրա կարծիքով`մարզահամալիրի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 5 միլիոն դոլար, սակայն կարևորը ոչ միայն վերանորոգելն է, այլ հետագայում ճիշտ շահագործելը։ Ըստ նրա` երբ տարիներ առաջ մարզահամալիրին կից տոնավաճառը գործում էր, հնարավորություն կար լուրջ շահույթներ ձեռք բերել և մեծ հարկեր վճարել, սակայն այդ ամենը չհաջողվեց պահպանել։ Հիմա Աղաբաբյանը դեմ չէ, որ պետությունը կամ ֆուտբոլի ֆեդերացիան, իր իսկ բնորոշմամբ, 50 տոկոս «փայ մտնեն»` մարզադաշտը համատեղ փրկելու նպատակով։
Նշենք, որ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրենը, 1999 թվականից «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է: