Մոսկվան, Երևանը և Բաքուն Լաչինում անցակետ ստեղծելու հարց չեն քննարկել. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետերի ստեղծում նախատեսված չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սահմանին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը, այսինքն` ապահովվի քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։