ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալ անշարժ գույքերը`
• Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք։
• Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 1 անշարժ գույք։
• Մաշտոցի պողոտայում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 135 մլն 740 հազար դրամ։
• «ԾՈՒՊԱՆԻ» ՓԲԸ-ի 33.334 հատ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 56 մլն 909 հազար 394 դրամ։
• 10 հանձնված փոխառությունների չվերադարձված մասերի պահանջի իրավունք՝ 2 մլրդ 72 մլն 182 հազար 335 դրամի չափով։
• 5 մլրդ 180 մլն 867 հազար 198 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ։
• 1 մլրդ 706 մլն 303 հազար 920 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Անհնարինության դեպքում կբռնագանձվի նշված գույքի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 296 մլն դրամ։
Նշենք, որ Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ 3 տարի առաջ ձևավորված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում մինչ 2023թ-ի մարտ ամիս նախաձեռնել է 374 ուսումնասիրություն, որից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 29 հայցադիմում։