Ի՞նչ նպատակով է «Հրազդան» մարզահամալիրից տարածք առանձնացվում. Սանոսյանը բացատրեց

Գնել Սանոսյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Մամուլում լուրեր էին հայտնվել, թե Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»), ով տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր մարզադպրոց կկառուցվի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Համայնքն արդեն իրականացրել է մրցութային գործընթաց, նախագծող ընկերություն կա, որն առաջիկայում մարզադպրոցի նախագծման և կառուցման աշխատանքները կիրականացնի»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը պարզաբանեց, որ տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց։ Տվյալ տարածքում այս պահին մի շարք մարզական օբյեկտներ կան։ Նոր մարզադպրոցը, նախարարի խոսքով, համալրելու է դրանց շարքը։
«Բավական մեծ դահլիճներ են լինելու, ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներով, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Այսինքն` բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների համար, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար համապատասխանելու է»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը պարզաբանեց, որ նման որոշման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ 2019թ-ին կառավարությունը որոշել է վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի շենքը։ Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1960-ական թվականներին կառուցված շենքը ժամանակակից մարզադպրոցների նորմերին չի համապատասխանում և անհրաժեշտ է իրականացնել շինության վերակառուցում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում, որի համար կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ:
Փոխարենը նպատակահարմար է գտնվել այլ հողամասում կառուցել ժամանակակից պայմաններին և տեխնիկական պահանջներին համապատասխանող նոր մարզադպրոց, որի համար էլ առաջարկվել է Հրազդանի կիրճ հ.4 հասցեում գտնվող գույքից առանձնացվող 15509.0քմ մակերեսով հողամաս, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները պատկանում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, կառավարության այսօրվա որոշման հիման վրա, գույքից կառանձնացվի վերոհիշյալ հողամասը։ Այն նախ կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին, ապա կնվիրաբերվի Երևան համայնքին` «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու նպատակով։
Նշենք, որ «Հրապարակ» թերթն այսօր հայտնել էր, որ Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»), ով տարիներ շարունակ վարձակալությամբ տնօրինում է այն։