Հուսով ենք՝ Երևանը հարցը կլուծի դաշնակցային ճանապարհով. Զախարովան` «Հռոմի ստատուտի» մասին

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Մոսկվայում ակնկալում են, որ «Հռոմի ստատուտի» շուրջ պատմությունը Հայաստանում կկարգավորվի դաշնակցային ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «Հռոմի ստատուտի» վերաբերյալ՝ նշելով, որ այդ թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ընթացքում:
«Այդ շփումների մանրամասները հրապարակելն անհրաժեշտ չեմ համարում։ Իհարկե, ենթադրում ենք, որ այս ամենը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով», - հայտարարել Է Զախարովան։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ ղեկավարության ձերբակալման օրդեր է տվել։