«Հրազդանին» կից պահուստային դաշտը կվերցնեն Աշոտ Աղաբաբյանից` «Բուռնաշից». Հրապարակ

Նախկին պատգամավորը ասել է, որ նման որոշում կայացրել է դատարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»). նա տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Այս մասին գրում «Հրապարակ» թերթը։
Նման որոշում կայացրել է դատարանը։
«Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը և ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»,– թերթի հետ զրույցում ասել է Աշոտ Աղաբաբյանը։
Նշենք, որ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրենը, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը:
2002թ.-ին նա ընտրվել է Երեւանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: