ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ապրիլի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ ապրիլի 27-ին նախատեսվում է միջուկային վառելիքի ներկրում Մերսինի «Աքքույու» ատոմակայան:
«Ապրիլի 27-ին, հնարավոր է, պարոն Պուտինն էլ գա, կամ մենք կմիանանք առցանց համակարգի միջոցով և հուսով եմ, որ առաջին քայլը կանենք»,-ասել է Էրդողանը:
Միջուկային վառելիքը նախատեսվում է ներմուծել Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի կառույցի հարթակ և տեղավորել թարմ միջուկային վառելիքի պահեստում, վառելիքի ներկրման պահից «Աքքույու» ԱԷԿ-ը միջուկային օբյեկտ կդառնա, իսկ Թուրքիան՝ երկիր, որտեղ ատոմային էներգետիկա կա:
Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայում առաջին ատոմակայանն է։ Նախատեսվում է, որ ռուսական առաջադեմ ВВЭР-1200 ռեակտորներով համալրված բոլոր չորս բլոկները շահագործման հանձնելուց հետո կայանը տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կվտ/ժամ և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10%-ը։