Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակը

Գազալցակայան
Խախտում թույլ տված լցակայաններում իրազեկող ցուցանակ փակցնելու մասին օրենքի նախագիծը ընդունվել էր դեռ 2022թ–ի նոյեմբերին, բայց մինչ օրս չի գործում, քանի որ ցուցանակի տեսքը, կիրառության ձևը պետք է մշակեր կառավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց թերլիցքավորման համար տուգանված լցակայաններում փակցվող «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակի ձևը։
Որոշման համաձայն` ցուցանակը լինելու է 90x42 սմ մակերեսով։ Պաստառը լինելու է կարմիր, իսկ տառերը` սև։
Սպառողներին «խաբող» հեղուկ գազի լցակայանները կտուգանվեն` ըստ շրջանառության չափի
Տառերի բարձրությունը լինելու է նվազագույնը 14 սմ: Պաստառը տեսուչի ընտրությամբ փակցվելու է տեսանելի վայրում ու մնալու է 1 ամիս։ 4 անկյուններում գրվելու ՇՎՏՄ (Շուկայի վերահսկողության տեսչական մարմին) և հեռախոսահամարը՝ 8520: Յուրաքանչյուր ցուցանակ ունենալու է հերթական համար:
Ցուցանակը վնասելու դեպքում տնտեսավարող լցակայանը անհապաղ պետք է տեղեկացնի տեսչական մարմնին և 2-օրյա ժամկետում շտկի թերությունները:
Երեկոյան ժամերին ցուցանակը պետք է լուսավորված լինի:
Ցուցանակ
Հիշեցնենք` «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ փակցնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ ընդունվել էր դեռ 2022թ–ի նոյեմբերին։ Բայց մինչ օրս չի գործում, քանի որ ցուցանակի տեսքը, կիրառության ձևը պետք է մշակեր կառավարությունը։