ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոխել ավտոմեքենաների այսպես կոչված «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։
Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» գործող օրենքով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող:
Հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսը` 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։
Հանրային քննարկման դրված նախագծով նախարարությունն առաջարկում է քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող, առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը վաճառել աճուրդով։
Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը, նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։
ՆԳՆ-ի նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչև ապրիլի 14-ը։ Դրանից հետո այն կներկայացվի կառավարության, ապա ԱԺ–ի դատին։
Ընդունվել ու դեպքում նոր օրենքն իրավական ուժ կստանա պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: