ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանում բնակվող տեղահանված անձանց իրավիճակն ու նրանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ընդունող համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկվել են այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիի հետ հանդիպման ընթացքում։
ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սանոսյանն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը։
«Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, այդ համատեքստում ընդգծելով գործողությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր հնարավորություններն ու անհրաժեշտ գործնական քայլերը։