ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ղրղզստանի Օշի շրջանում ավելի քան 40 երեխա թունավորվել է անհայտ նյութից։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նրանցից 18-ը հոսպիտալացման կարիք են ունեցել։
«Օշի մարզի Կարա-Սույի շրջանում բուժօգնության է դիմել 43 երեխա»,-հայտարարել է նախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչը:
Նրա տվյալներով՝ տուժածներին «թունավորում» նախնական ախտորոշում է տրվել։ Առողջապահության նախարարությունն այս պահին փորձում է պարզել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված թունավորումը։
Միևնույն ժամանակ, Sputnik Ղրղզստանը, հղում անելով կրթության և գիտության նախարարությունից ստացված տեղեկությանը, գրում է, որ դպրոցականները թունավորվել են օծանելիքից:
Գերատեսչության տվյալներով՝ 6-րդ դասարանցին դպրոց է եկել օծանելիքով և «խուլիգանական մղումներով» փչել է այն։ Դրանից հետո նրա դասընկերների ինքնազգացողությունը վատացել է։ Նրանց շտապ տեղափոխել են Օշի մանկական մարզային հիվանդանոց։
Հաղորդվում է նաև, որ 14 դպրոցականներ արդեն դուրս են գրվել, չորսն առայժմ կմնան հիվանդանոցում: