«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին չի դարձնում ԱՄՆ–ի դաշնակից և չի տալիս երկրի համար զգայուն հարցերի պատասխանները։ Մյուս կողմից Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները չհասցնել կրիտիկական կետի, ինչի մասին վկայում է վերջնական հռչակագրի ընդունման ժամանակ Երևանի կողմից արված վերապահումը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես գնահատեցմիջոցառման արդյունքները, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Ջո Բայդենի նախաձեռնած գագաթնաժողովի նիստի ավարտին հռչակագիր է ընդունվել, որին ՀՀ-ն միացել է վերապահումով։ Երևանը ձեռնպահ է մնացել Ուկրաինային վերաբերող պարբերությունից։ Այն դատապարտում է հատուկ ռազմական օպերացիայի «մարդասիրական հետևանքները» և Ռուսաստանի Դաշնությանն ուղղված պահանջ է պարունակում, որպեսզի վերջինս «ուժերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»։ Երևանը ձեռնպահ է մնացել այս պարբերությունից, քանի որ այն համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին։ Ադրբեջանը, ի դեպ, գագաթնաժողովին հրավիրված չի եղել։
Ըստ Սուրենյանցի` նման տեսքով հռչակագրի ընդունումն ինքնին ցույց տվեց գագաթնաժողովի ձևական բնույթը։ Քաղաքագետի համոզմամբ` նման միջոցառումներին մասնակցելն իմաստ ունի, երբ մասնակիցներին հաջողվում է ընդունված փաստաթղթում ընդգրկել այնպիսի կետեր, ճշգրտումներ, դրույթներ, որոնք բխում են սեփական պետության ազգային, պետական շահերից։
«Ի՞նչ իմաստ ունի Հայաստանի համար մասնակցությունն այդ գագաթնաժողովին և դրա ֆետիշացումը, եթե վերջնական փաստաթղթում չգտնվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին նույնիսկ երկու տող։ Այդ դեպքում ինչո՞վ է արժևորվում ժողովրդավարական Հայաստանը ԱՄՆ–ի համար և Բայդենի կողմից մերժվում ավտորիտար Ադրբեջանը։ Հռչակագրի հենց տեքստից պարզ է դառնում, որ գագաթնաժողովը ամենևին էլ չի ուրվագծում ԱՄՆ–ի դաշնակիցների շրջանակը, ինչպես փորձում էին մեզ համոզել մեր իշխանություններն անցած մի քանի օրերին»,- ասաց Սուրենյանցը։
Փորձագետը չի բացառում, որ Հայաստանն ինքը չի պնդել հռչակագրում Ադրբեջանի գործողությունների հետ կապված կետ ներառել։ Սուրենյանցը կարծում է, որ հայկական դիվանագիտությունն այդ ուղղությամբ ընդհանրապես չի աշխատել։ Բայց եթե նույնիսկ որոշակի ջանքեր գործադրվեին, դժվար թե դրանք հաջողության հանգեցնեին։
«Ամերիկյան հովանավորությամբ անցկացվող միջոցառման ընթացքում նման փաստաթուղթ չէր ընդունվելու։ Որևէ մեկը պատրաստ չէ մեզ դաշնակից լինել` դեմ գնալով Թուրքիային կամ Ադրբեջանին։ Այդ երկու երկրները կարևոր նշանակություն ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների համար։ Եթե Հայաստանում քարոզ է իրականացվում, որ ռուսական ազդեցությունից ազատվելու և արևմտյան աջակցությանն ապավինելու դեպքում կդատապարտեն ադրբեջանական ագրեսիան և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառեն, այդ բոլորը հեքիաթների ժանրից է, որը կապ չունի ռեալ քաղաքականության հետ։ Գագաթնաժողովի հռչակագրի տեքստն էլ ասվածի լավագույն ապացույցն է»,- վստահ է մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով` գագաթնաժողովին մասնակցելն ինքնին վատ չէ, սակայն Հայաստանն այդպես էլ դիվիդենտներ չքաղեց։ Քաղաքագետի պնդմամբ` գլոբալ առումով հայ-ամերիկյան հարաբերություններում հիմնարար փոփոխություններ սպասել պետք չէ, քանի որ Հայաստանի իշխանությունները պարզապես չունեն այդ հարաբերությունները զարգացնելու օրակարգ։
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա Սուրենյանցի խոսքով`միամտություն է սպասել, որ Հայաստանի կողմից հռչակագիրը վերապահումով ընդունելուց հետո կուտակված բազմաթիվ բարդ խնդիրները կլուծվեն։ Հայ-ռուսական հարաբերություններն այլևս նոր ճգնաժամ արձանագրելու տեղ չունեն։ Խնդիրները խորքային են և չեն ծագել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։ Դրանք քննարկելու և լուծումներ գտնելու համար մեզ անհրաժեշտ է բարձր մակարդակով մանրակրկիտ երկխոսություն՝ առանց ավելորդ աղմուկի։
Ըստ քաղաքագետի` Հայաստանը նույնպես կարող է դժգոհելու օբյեկտիվ պատճառներ ունենալ Ռուսաստանի քաղաքականությունից, բայց Երևանն այժմ չունի հավաքական անվտանգության այլընտրանքային առաջարկություն, հետևաբար մեր դիվանագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի լարվածությունը վերացնելը և երկկողմ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելը։