Բայդենի նախաձեռնած գագաթնաժողովի նիստում հռչակագիր է ընդունվել․ ՀՀ-ն միացել է վերապահումով

ՀՀ կառավարությունից բացատրել են նաև, թե ինչու են վերապահումով միացել հռչակագրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացված Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ստորև ներկայացնում ենք մի հատված այն պարբերությունից, որից ձեռնպահ է մնացել Հայաստանի Հանրապետությունը։
«Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասված է տեքստում։
Այնուհետև խոսվում է Ուկրաինայի մասին և ՌԴ-ին ուղղված կոչ է հնչում։
ՀՀ կառավարությունից բացատրել են, թե ինչու են վերապահումով միացել հռչակագրին։ Նշվում է, որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին, ելույթ ունեցել և խոսել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու փորձերի մասին: